Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ջեյմս ՈՒոռլիքի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ջեյմս ՈՒոռլիքի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»
13.09.2015 | 10:46

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:


- Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե Հայաստանում և Ադրբեջանում կգտնվե՞ն նոր աբրահամլինքոլններ, որ խաղաղություն բերեն: Դա նշանակո՞ւմ է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղության և դա պետք է հարկադրվի նրանց:
-ՈՒրախ եմ կրկին ձեզ հանդիպել պետքարտուղարությունում: Շնորհակալություն ինձ Թվիթերով հետևելու համար և հույս ունեմ, որ դուք ինձ կհետևեք նաև Ինստագրամում, որտեղ ես սկսել եմ լուսանկարներ տեղադրել: Ես նախատեսում եմ այնտեղ տարածաշրջան կատարած այցերի լուսանկարները տեղադրել: Հավատում եմ, որ տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն կա՞ քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար: Ես չեմ ցանկացել համեմատություններ անել Աբրահամ Լինքոլնի և տարածաշրջանում որևէ մեկի միջև, սակայն, առաջնորդներից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության, և մենք՝ համանախագահներս, ԱՄՆ-ը, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը և տևական խաղաղության հաստատմանը: Ժամանակը եկել է, և ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որ տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել:
-Ավելի վաղ առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Շարունակվո՞ւմ են բանակցությունները, երկու նախագահները կհանդիպե՞ն:
-Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ ցանկանում են արագացնել բանակցությունները, և մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, և կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել և աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ:
-Այս տարի շփման գծում բռնությունների աստիճանը հատկապես էր սրվել: Դա ինչի՞ հետ է կապված:
-Մենք շատ մտահոգված ենք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար, դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է: Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում, և ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, և մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար: Կարևոր է խաղաղ կարգավորմանը հասնել, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք:
-Կա՞ն հավելյալ միջոցներ հրադադարի խախտումից խուսափելու համար:
-Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները և ցանկանում ենք աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մենք երկար ժամանակ աջակցել ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և հույս ունենք, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։ Սակայն մենք, որպես համանախագահներ, և ԱՄՆ-ը մասնավորապես, պատրաստ ենք աշխատել կողմերի հետ մարդկանց միջև համագործակցության ծրագրերի ուղղությամբ և վստահության ամրապնդման ծրագրերի շուրջ:
- Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունները՝ դեռևս կարո՞ղ է համագործակցություն լինել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Մինսկի խմբի շրջանակներում:
-Մեր և Մոսկվայի միջև բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի և Ֆրանսիայի իմ գործընկերների հետ։ Մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման գործընթացում:
-Մինսկի խումբը գործում է 20 տարի: Այս տարիներին կողմերը ավելի՞ են մոտեցել խաղաղության հաստատմանը:
-Անցյալում կային հնարավորություններ, որոնք մենք բաց ենք թողել: Ես գիտեմ, որ մարդիկ դժգոհ են. 20 տարի այս հակամարտությունը շարունակվել է և հիմա առաջընթաց գրանցելու ժամանակը եկել է: Կարևոր է, որ առաջնորդները մոտ են, նրանք միմյանց հետ խոսում են, և կարծում եմ, մեզ անհրաժեշտ է շարունակել նրանց հետ աշխատանքը, որ խորացնենք այս բանակցությունները և պատրաստենք նախագահների հանդիպումը, որը, հույս ունենք, տեղի կունենա տարվա վերջին։
-Նախագահների հանդիպմանը վերաբերող հավելյալ մանրամասներ կա՞ն:
-Մենք դեռևս մանրամասների չենք տիրապետում, ու նաև դրա համար ենք ցանկանում խոսել արտգործնախարարների հետ Նյու Յորքում, որպեսզի որոշենք նախագահների հանդիպման տեղն ու ժամկետները: Նրանք հանդիպել էին մի քանի տարվա դադարից հետո Վիեննայում, որտեղ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ. երկու առաջնորդների առանձնազրույցը մեկուկես ժամից ավելի տևեց: Դրանից հետո նրանք հանդիպեցին Սոչիում, ՈՒելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ նախորդ տարվա վերջին հանդիպեցին Փարիզում: Այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Ամեն ինչը չէ համաձայնեցված անշուշտ, սակայն դա ևս մեկ հիմնավորում է, որ նրանց հանդիպումը կազմակերպենք:
-Հնարավո՞ր է գրանցված առաջընթացը հաստատուն խաղաղության վերափոխել:
-Դա մեր առաջնահերթություն է: Մենք ցանկանում ենք հասնել կարգավորմանը, սակայն պետք է հարգենք զինադադարը: Առանց զինադադարը հարգելու, շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում: Մենք հույս ունենք, որ կողմերը դա կճանաչեն և կհարգեն զինադադարը ու զերծ կմնան հակամարտությունից, որը կարող է անմեղ քաղաքացիական անձանց վնասել:
- Պարոն դեսպան, շատ շնորհակալություն:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ